Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

   Ուրախութեամբ տեղեկացնում ենք որ կազմակերպութեան վաստակաշատ ընկեր Երէցների միութեան անդամ ժամանակի նախագահ ընկ. Յարութ Նազարեանը թարգմանել է Նոէլ Բարբըր-ի Lords of the Golden Horn, «Ոսկեղջիւրի Տիրակալները» գիրքը:

   Գիրքը պարունակում է «Մեծափայլ Սուլէյմանից Քէմալ Աթաթուրք» ժամանակաշրջանը որի ընթացքում մեծ անդրադարձ է եղել հայերի ցեղասպանութեան և նաև միւս ազգերի (Բուլգարներ) կոտորածներին: 

   Ուրբաթ Յուլիսի 2-ին Հանրութեան հետ կապը սիրով հիւրընկալեց ընկեր Յարութին և երախտագիտութեամբ մի օրինակ նւէր ստացաւ այս բովանդակալից և հետաքրքիր գրքից:

   Շնորհաւորելով սիրելի ընկեր Յարութ Նազարեանին ցանկանում ենք նորանոր վերելքներ ու յաջողութիւններ:

   Պէտք է նշել որ գիրքը առայժմս կարելի է գնել Ալիք հաստատութիւնից և «Արարատ» կազմակերպութեան կրպակից, իսկ հետագային գրախանութներից

«Երբ յոբելենական աշխատանքներն ու տրամադրութիւնը աւարտւեցին, հասկացանք որ ուզում ենք այդ փոքրիկ բարեգործական ծրագրերը շարունակել ... »

 

 

Կյանքը` պատերազմիևխաղաղությանարանքում

 

ՆաիրաՀայրապետյան

-  Էս տարի մամայի հետ գնալու եմ Երևան:  Դեռ չեմ տեսել, բայց էս տարի անպայման կգնամ,- ասում է տասնչորսամյա Ժենյան, որի աչքերի ոգևորությունից արդեն հստակ երևում է Երևանը՝ իր ողջ հմայքով,- դպրոցն ավարտելուց հետո էլ ուզում եմ գնամ էնտեղ, սովորեմ, որ լավ մարդ դառնամ:

Սահմանամերձ գյուղի հեռավոր անկյուններից մեկում այսպես հյուսվում է լավ մարդ դառնալու մի բանաձև ևս:

-Դպրոցում լա՞վ ես սովորում,- հարցնում եմ:

-Ճիշտն ասած՝ միջակ,- պատասխանում է Ժենյան:

-Ո՞ր առարկաներն ես սիրում:

- Հայոց լեզուն, մաթեմատիկան` մի քիչ, քիմիան, կենսաբանությունը…

- Ուրեմն՝ համարյա բոլորը:

- Հա, էլի՛,- ժպտում է,- բայց ամենաշատը հայոց լեզուն եմ սիրում:

- Ինչու՞:

- Որովհետև հետաքրքիր ա:

-Թե ՞ դասատուին ես սիրում:

-Դասատուին էլ եմ սիրում:

-Իսկ ի՞նչ ես ուզում դառնալ:

- Վարսավիր:

  Չորս երեխաներ մեծացնող ընտանիքում Ժենյան ավագն է: «Գյուղը սիրում եմ»,- ասում է նա, բայց հենց էնպես ասելու նման չէ. նրա պատասխանից անվերապահորեն հավատում ես, որ վարսավիր դառնալու համար Երևան գնացած աղջնակն անպայման վերադառնալու է գյուղ, որ սահմանամերձ ու սահմանապահ Պառավաքարի անդորրը խախտող կրակոցները երբեք չեն փախցնելու էս փոքրիկ Ժենյային:

  Տավուշի մարզի Պառավաքար գյուղը սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով հաճախ է վտանգվում խաղաղ բնակիչների կյանքը: Հակառակորդը սիրում է իր «արիությունը» փորձարկել անզեն մարդկանց վրա, հատկապես գարնանը և աշնանը՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամերին: Սահմանի հակառակ կողմից կրակում են հողը մշակող կամ բերք հավաքող գյուղացիների ուղղությամբ: Ադրբեջանցի զինվորականները կրակելուց բացի նաև ռմբակոծել են գյուղը, վերջին մի քանի տարիների ընթացքում դրանցից տուժել են բնակիչները, մշակույթի տունը, գյուղապետարանը:

  «Սահմանամերձ գյուղում թիվ մեկ խնդիրն, իմ կարծիքով, սահմանամերձ լինելն է,- ասում է Քրիստինե Դանիելյանը,- կյանքի խնդիր է՝ արդյո՞ք այսօր հանգիստ քնելով վաղը նույնպես հանգիստ կարթնանաս: Պառավաքարցու ապրուստը հիմնականում խաղողի բերքից է, իսկ այգիների մի մասը մնացել է չեզոք գոտում, չի մշակվում, մյուս մասն էլ շատ անգամ նշանառության տակ է: Անցած տարի, օրինակ, երեխաներից մեկը աշխատանքի ժամին վիրավորվել էր, գնդակը կպել էր ձեռքին»:

  Այստեղ՝ այս միջավայրում, իր նման տասնյակ աշակերտների հետ է ապրում նաև Ժենյան, ով ժպիտով խոստովանում է՝  «Կրակոցներից արդեն չեմ վախենում, սովորել ենք»: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ բազմանդամ այս ընտանիքն ապրում էր խարխլված մի շենքում, որի տանիքին ամեն անգամ նայելիս մտածում էի, թե ուր որ է մարդկային հայացքից անգամ փուլ կգա: Ոտքի տակ դողդողացող աստիճաններ, կիսաքանդ, փուլ եկող պատեր, կենցաղային տխուր պայմաններ, որոնք հիշեցնում էին հեռավոր 90-ականները: Ընտանիքի հայրը նախրապան է, լույսը բացվելուն պես գնում է հանդ ու վերադառնում օրվա ավարտին:

Հայաստանը միայն տեսարժան վայրերը չենպետք է իրականության մյուսկողմն էլ տեսնել

  Երբ այցելեցինք, Ժենյան մեզ դիմավորեց արդեն նոր տանը: Այն բազմանդամ ընտանիքի համար գնել էր իրանահայերի մի խումբ, որի անդամներն իրենց փոքրիկ անհատական ներդրումներով փորձում են օգտակար լինել գյուղին:  «Մեծ միջոցներ չունենք, որևէ հիմնադրամ չենք, պարզապես անհատներ, ովքեր ամեն մեկը իր հնարավորության սահմանում հանգանակություն է անում,- ասում է խմբի կազմակերպիչներից Արմինե Մանուկյանը,- մեր հետաքրքրության կենտրոնում հիմնականում դպրոցն է, մանկապարտեզը, մարզադահլիճը: Եթե վերանորոգված չէ կամ գույք է անհրաժեշտ, փորձում ենք հնարավորինս օգնել, աջակցել»:

 

  Խմբի մեծ մասը Թեհրանի «Արարատ» հայտնի մարզամշակութային կենտրոնի նախկին սաներ են, ովքեր լավ են գիտակցում երեխաների կյանքում կրթության դերը: 2014թ., երբ լրացավ կենտրոնի 70-ամյակը, աշխարհի տարբեր անկյուններում սփռված արարատականները մեծամասշտաբ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպեցին: Նրանցից ոմանք, այդ թվում Արմինեն, վաղուց հաստատվել են Հայաստանում, և որպեսզի միջոցառումները միայն մշակութային իրադարձություններ չդառնային, հայաստանյան թիմը որոշեց բարեգործական մի քանի ծրագրեր իրականացնել: «Երբ հոբելյանական աշխատանքներն ու տրամադրությունը ավարտվեցին, հասկացանք, որ ուզում ենք այդ փոքրիկ բարեգործական ծրագրերը շարունակել: Մենք այստեղ հաճախ հավաքվում ենք` նշելու հայկական ավանդական տոները՝ Բարեկենդանը, Զատիկը, Համբարձման տոնը… դրանք առիթ են՝ իրար հանդիպելու, միմյանց հետ կապ պահելու: Եվ տոնական հավաքույթների ընթացքում սկսեցինք տարբեր հանգանակություններ կազմակերպել՝ հետագայում հավաքված գումարը որևէ գյուղի՝ թեկուզ մի փոքրիկ հարցով աջակցելու համար: Այդպես կարողացանք Զանգակատուն գյուղի դպրոցի համար մարզական գույք գնել»:

Այս անգամ ճանապարհը տանում էր դեպի Պառավաքար:

  «Նախապես մի քանի անգամ այցելել էինք, ծանոթացել: Գիտեինք, որ գյուղում մանկապարտեզ կա, նոր խումբ են ավելացնելու շուտով և որոշեցինք օգնել երեխաների համար պակաս պարագաները լրացնել՝ անհրաժեշտ 18 մահճակալ, դաշնամուր, խաղալիքներ, գրենական պիտույքներ, գրքեր և այլն: Սակայն մեր ընկերներից մեկը, ով «Վորլդ Վիժն» կազմակերպությունում է աշխատում, տեղեկացրեց, որ մի ընտանիք կա, որը բնակարանային վատ պայմաններում է ապրում: Երբ տունը տեսանք, իսկապես շատ վատ վիճակում էր: Այդտեղ չորս երեխա էր մեծանում, չորս սահմանապահ, իսկ տունը փլվելու վտանգի տակ էր: Շատ արագ մեր ընկերների միջոցով՝  զանգով, ֆեյսբուքով իրար իմաց տվեցինք և սկսեցինք գումար հավաքել: Շատ ուրախ ենք, որ անմիջապես արձագանքեցին՝ կեսը Թեհրանից, կեսը՝ Կանադայից, ուղարկեցին և ընտանիքի համար նույն գյուղում տուն գնեցինք»:

  Արմինեն ասում է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նման խնդիրներ կան, բոլորն էլ ունեն սոցիալապես անապահով ընտանիքներ, վատ պայմաններում ապրող գյուղեր, հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր աշխատանքի և օգնության կարիք են ունենում: Այդպես է նաև խնդիրներից հեռու տպավորություն ստեղծած Եվրոպայում, նույն աջակցությունը, միգուցե և ավելին, ցուցաբերում է եվրոպացին, սակայն Հայաստանում մի փոքր այլ է, քանի որ խոսքը սահմանամերձ գյուղերին է վերաբերում: «Որովհետև խնդիրը մենակ սահմանին մոտիկ ապրելը չէ, այլ նրանց ուղղությամբ արձակվող կրակոցները,-ասում է նա,- էն բոլոր դժվար պայմանները, որ ստիպված են հաղթահարել այս մարդիկ, մեր ապահովության համար էլ է: Այստեղ ապրող գյուղացին, զինվորը, երեխան ավելի ուշադրության կարիք ունեն, մեր՝ նրանց կողքին ներկա լինելու վստահությունը պետք է ունենան. և յուրաքանչյուրս պետք է դա շատ լավ գիտակցենք: Սովորաբար, Հայաստան գալով՝ շրջում ենք գեղատեսիլ վայրերով, հիանում մեր մշակութային ժառանգությամբ, ապրում Երևանի  հարմարավետությամբ… բայց սա ամբողջ իրականությունը չէ: Պետք է մյուս կողմն էլ տեսնել ու զգալ Հայաստանը խորքից: Բացի այդ, հաճելի է ժողովրդի հետ պարզ շփումը և մեծ բավականություն է, երբ կարողանում ես քո ներկայությամբ նրանց առօրյան փոխել, թեթև ոգևորություն ներշնչել … մեծ բան չի պահանջվում այս անելու համար: Մենք մեծ բան չենք անում, գնում ենք մեր հայրենակիցներին այցելության, փոքրիկ նվերներ ենք տանում, զրուցում, բարեկամանում. սա ամենաչնչին ուշադրությունն է, որ յուրաքանչյուրը կարող է անել»:

   Այցելության օրը մանկապարտեզում ավարտական խումբը հրաժեշտի միջոցառում էր կազմակերպել: Փոքրիկներից ամեն մեկը ջանում էր արագ արտասանել իրեն բաժին հասած ոտանավորն ու հնարավորինս շուտ միանալ փուչիկների, նվերների գույնզգույն փնջին:

Սահմանը պահում էոր մենք էլ հանգիստ քնենք գիշերները

  Քրիստինե Դանիելյանը Պառավաքար հարս է եկել Չարենցավանից: Երկու երեխաների մայր է: Տան կենցաղային հոգսի, երեխաների խնամքի հետ մեկտեղ այս երիտասարդ կինը հասցնում է նաև կազմակերպել գյուղի համայնքային որոշ աշխատանքներ: Նա «Վորլդ Վիժն» կազմակերպության ներկայացուցիչներից մեկն է գյուղում և իր գործընկերների հետ փորձում է համայնքային կյանքը կազմակերպել: Քրիստինեն գյուղի մասին խոսելիս սևեռվում է ոչ թե խնդիրների վրա, այլ սահուն շրջադարձով թվարկում է առավելությունները՝ «Ամեն օր համարյա լինում են կրակոցներ, տխուր բան է, իհարկե, բայց դրան զուգահեռ ՝մի շարք լավ բաներ կան: Օրինակ՝ բնակչությունը 2000-ին մոտ է, համարյա: Մանկապարտեզ ունենք, որտեղ երեխաների թիվը գնալով ավելանում է և հիմա պատրաստվում ենք 2-րդ խումբը բացել: Մեզ մոտ ծնունդների թիվը գերազանցում է մահացածներին, էնպես որ շատանում ենք: Դպրոց ունենք՝ 200-ից ավել աշակերտներով, լավ երիտասարդներ ունենք, ովքեր գյուղից չեն փախչում: Ուղղակի, ինչպես մյուս տեղերում, աշխատանքի խնդիր ունենք: Տղաների մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են: Մի քանի բյուջետային աշխատող ունենք՝ մանկապարտեզում, բուժկետում, դպրոցում: Էսքա՛նը: Գյուղացիները հիմնականում անասնապահության և խաղողագործության շնորհիվ են ապրում»: 

  Պառավաքարցիներն ասում են` եթե աշխատանք ունենան, ոչ մեկը չի հեռանա գյուղից, որովհետև սիրում են իրենց ծննդավայրը: Հիմնական եկամուտը ստանում են խաղողի բերքից, սակայն այգիների մեծ մասը ադրբեջանական սահմանի մոտ է, չեզոք գոտում, իսկ հայկական տարածքում էլ  վտանգավոր է աշխատելը:  Բացի այդ, գյուղը ջրի խնդիր ունի:  «Շատ են տանջվում, անընդհատ լարված է գյուղացին, աշխատում է՝ ուզում է ամեն ինչ պահի, ամեն ինչ մշակի, որ լավ արդյունք ստանա, բայց վերջում էլի ստացվում է, որ հազիվ ծայրը ծայրին է հասցնում, էնքան որ իր գոյությունը պահում է,- ասում է Քրիստինեն,- որովհետև իր աշխատանքի արդյունքը միշտ չէ որ իրենից է կախված լինում, այլ այն պայմաններից, որոնք ուղղակի չկան այն իրացնելու համար: Համակարգելու խնդիր կա»:

 Արտագաղթ այստեղ էլ կա, իհարկե, բայց բնակիչների հավաստմամբ՝ մեծ չափերի չի հասել: Չնայած դժվար աշխատանքին՝ պառավաքարցիները հեշտ չեն թողնում գյուղը. «Սիրում են, ամենաառաջնայինը՝ իրենց հողը սիրում են: Սա միակ գյուղն է եղել մոտակա սահմանամերձ շրջանում, որ էդքան ռմբակոծություններից հետո էստեղ թուրքը չի կարողացել մտնել: Պահել են: Ժողովուրդը պահում է: Ա՜յ, էս աղջկա ամուսինը (ցույց է տալիս զրույցին հետևող Անուշ Ղարաբաղցյանին) մեր լավագույն դիպուկահարներից է, սահմանը պահում է, որ մենք էլ հանգիստ քնենք գիշերները»:  

  Անուշն էլ իր հերթին հավելում է, որ գյուղում շատ են ուսանողները, ձգտում ունեն սովորելու, մասնագիտություն ձեռք բերելու: Համարյա բոլոր աշակերտները, դպրոցն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո գնում են բարձրագույն կրթություն ստանալու: Բայց ավարտելուց հետո բախվում են աշխատանք չգտնելու խնդրին, որի պատճառով նրանցից շատերը նախընտրում են մնալ մայրաքաղաքում:  «Եթե աշխատանք լինի, շատերը կվերադառնան»,- ասում է Անուշը:

  Գյուղը բազմաթիվ կենցաղային խնդիրներ ունի, հաճախ զուրկ է տարրական պայմաններից, մի  հատկություն, որն առայժմ անբաժան է հայաստանյան իրականությունից: Քաղաքային կյանքը բացահայտող երիտասարդների համար երբեմն պատ է դառնում այդ ակնհայտ տարբերությունը, որը անարդար բաժանում է հիշեցնում:

-  Երբ գնում են Երևան,  տեսնում են նաև էդ ուրիշ կյանքը, էդ դիսբալանսը,- ասում են երիտասարդ կանայք,-  դժվար է, իհարկե, ոմանց համար: Կան, որ էլ չեն վերադառնում, կամ դժվար են վերադառնում, բայց կան որ չեն համբերում, թե երբ են վերջացնելու ուսումը, որ նորից գյուղ վերադառնան: Ձգում է նրանց գյուղի առանձնահատկությունը:

- Իսկ ո՞րն է դա:

- Անկախությունը,- ասում է քաղաքից գյուղ տեղափոխված Քրիստինեն,- թվում է, թե շատ ու շատ առումներով գյուղում ավելի կախված ես, բայց ես քաղաքից եմ այստեղ հարս եկել և ինձ ավելի անկախ եմ զգում, քան այնտեղ: Ավելի ազատ եմ շնչում, թթվածինն էստեղ շատ է՝ ոչ միայն ուղիղ իմաստով: Մարդիկ էստեղ ավելի դժվար են ապրում, բայց ավելի բարի են, ազնիվ, հոգատար: Դժվարությունը դեռ չի կարողանում փչացնել գյուղի մարդու մաքրությունը: Ճիշտ է, գնալով շատ բան է փոխվում, տենդենցը դեպի քաղաք վերջին տարիներին ավելի մեծացել է, բայց դեռ չի անհանգստացնում:

Նրանց կարծիքով՝ այս բոլոր դժվարություններով հանդերձ՝ գյուղը մեծ իմաստով հաշտ է ինքն իր հետ, պայքարում է, ապրում է: Եվ մենակ չեն, պարզապես խնդիրներն են շատ և հնարավոր չէ միանգամից լուծել:

-  Թույլ է երկրի տնտեսական վիճակը,- ասում է Արմինե Մանուկյանը,- կատարյալից շատ հեռու է, բայց ամեն մեկն էլ կարող է մյուսին հաղորդակից դառնալ:

Ե՛վ պետության, և՛ բարեգործական տարբեր կազմակերպությունների, անհատ բարերարների օգնությամբ վերջին տարիներին Պառավաքարում հաջողվել է մի շարք աշխատանքներ իրականացնել՝ վերանորոգել, կառուցել, վերականգնել… բայց դեռ անելու շատ բան կա, դրանցից մեկն էլ հոգևոր կյանքի զարգացումն է:

- Հոգևոր առումով շատ զրկված է գյուղացին,- նկատում է Անուշը,-  Շատ կուզենայինք, որ մշակութային կյանքը զարգանար նաև մեր կողմերում: Մի լավ համերգը, մի լավ ներկայացումը, հատկապես երիտասարդներին, թև է տալիս: Այդ առումով լրիվ անտեսված է: Ի՞նչ վատ կլիներ, եթե մի անգամ թափառաշրջիկ կրկես կամ թատրոն շրջեր գյուղերում, տիկնիկային ներկայացումներ լինեին, հատկապես ամռանը, երբ աշակերտները արձակուրդում են, զբաղվելու ոչ մի հնարավորություն չունեն, բացի իրենց սովորական խաղերից:

- Մեծերը երբեմն ավելի շատ են դրանց կարիքն ունենում, երեխաներից ավելի են ուրախանում,- ավելացնում է Քրիստինեն,-  Տեսեք՝ էսօր մանկապարտեզին հյուրընկալված այս բարի մարդկանց խումբը ինչ ուրախություն բերեց:  Ընդամենը մի փոքրիկ մանկապարտեզային միջոցառում է, բայց մարդկանց ոգևորում է: Գյուղացին էսօր ամենաշատը շփման կարիք ունի: Մշակութային կյանքը պետք է գյուղում զարգանա, օգնեն բարձրագույն ուսում ստացած երիտասարդներին իրենց գիտելիքով աշխատանք գտնեն գյուղում, որ ստիպված չլինեն հեռանալ: Ամեն ինչ կենտրոնացած է քաղաքում, և երբեմն էնքան շատ են իրադարձությունները, որ դրանից մշակութային կյանքը ոչ թե զարգանում, այլ լճանում է: Բայց պատկերացրեք, որ մի լավ պարի խումբ ունենալը, երաժշտության դասեր ստանալը, մի լավ միջոցառումը շատ բան կարող է փոխել գյուղացու կյանքում: Պարի էլ կգնան, երգի էլ, թատրոնի խմբակ էլ, սպորտի էլ…  մեծ սիրով կգնան. գյուղում էնքան տաղանդավոր երեխաներ կան:

 

Մանկապարտեզի բակում իրենց ավարտական միջոցառումից հետո իրանահայերի խմբին շրջապատել են երեխաներն ու աշխատակիցները: Խաղում են, զրուցում: Քիչ անց մեքենան սուրում է Երևան տանող ճանապարհով: Գյուղն էլի ընկղմվում է իր օրվա մեջ՝ իր արևի, իր երկնքի, իր հոգսի ու տագնապի հետ:

- Հանրի՛, Լինդա՛ ,- լսում եմ Կամելիայի ձայնը, որ թվարկում է համարյա բոլորին ,- մոտ օրերս վերադառնանք անպայման, նոր տունը բարեկարգել է պետք, կներկենք, կդասավորենք ամեն բան, երեխաները պետք է նորմալ պայմաններում մեծանան: 

- Մի բան ձեռնարկել է պետք,- ողջ ճանապարհին անհանգիստ խոսում է Լուսինեն: Երևանից էր միացել խմբին, դաշնակահար է,- մշակույթի նախարարությունը զբաղված է իր հերթական «պտիչկայով», դրանք լրիվ ուրիշ մոլորակում են, բայց մենք պարտավոր ենք ինչ-որ բան փոխել: Հիշու՞մ ես հեծանիվ քշող այն երեխային՝ Հրաչին, որին հեքիաթի գրքեր նվիրեցի:

- Հիշում եմ, ո՞նց չէ:

-Վերադարձին պատուհանից նայում էի, հեծանիվը բակում էր, ինքը չկար: Ես գիտեմ՝ տանը արդեն այդ գրքերն էր թերթում: Ջրամատակարարման համակարգ չենք կարող կառուցել, բայց մշակութային կյանքում ինչ-որ բան հնարավոր է անել:   Ես անպայման համերգ պետք է կազմակերպեմ,  իսկ եթե այլ տարբերակ չլինի, ինքս կգամ, դաշնամուրի դասեր կտամ երեխաներին:

 

Իսկ արդեն Երևանում՝ հանձնարարում է՝

-Դու անպայման հոդված գրիր, Նար, անպայման: «Հետք»-ը կարդում են, հնարավոր է՝ նոր մարդիկ ավելանան կամ նոր նախաձեռնություններ սկիզբ առնեն էս ամենից:

- Ցանկությունը մեծ է, բոլորս տրամադրված ենք շարունակելու,-ասում է Արմինեն,- թե որը կլինի հաջորդը՝ Ներքին Կարմիրաղբյու՞րը, Մովսե՞սը, Վայքի՞, թե՞ Թալինի գյուղերից մեկը, դեռ չենք որոշել, բայց որ այս նախաձեռնությունը շարունակվելու է, դա հաստատ է: 

 

     «ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, յունիսի 24-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ երաժշտական երեկոյ, որտեղ ներկաները ունկնդրեցին երաժիշտ՝ խմբավար՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարած երեք երգչախմբերի թէ՛ համատեղ, եւ թէ՛ առանձին կատարումները:

Շնորհաւորանք

  Ուրախութեամբ յայտնում ենք որ Հ.Մ.Ա.Կ.-ի Արարատ ֆուտբոլի խմբի մարզիչ Էդմոնդ Բազիկեանը, նշանակւեց Փերսփոլիսի  երիտասարդական (Օմիդ) խմբի գլխաւոր մարզիչ: Յաջողութիւն ենք մաղթում իրեն:

 

Թեհրանի հայոց միջնակարգ օղակի մեծ թւով

աշակերտ-աշակերտուհիներ յարգեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակը

 

     «ԱԼԻՔ» - «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի ներքոյ համախմբւած, րոցների միջնակարգ օղակի, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների մեծ թւով աշակերտ-աշակերտուհիներ, երէկ ապրիլի 20-ի առաւօտեան համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից, ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի միջոցով:

     Այսու տեղեկացնում ենք, որ թւականիս մայիսի 27-ին, Կենտրոնական վարչութեան հրաւէրով՝ նախնական խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ համայնքիս գործարար եւ բանիմաց անհատների ու պատասխանատու հանգամանքներ զբաղեցնող անձնաւորութիւնների մասնակցութեամբ՝ «Հասութաբեր ձեռնարկութիւններ» իրագործելու հեռանկարով:

    Հանդիպման օրակարգը՝ մշակել տնտեսական ծրագիր, որի յաջողութեան դէպքում առկայ հնարաւորութիւնների լաւագոյն օգտագործմանը զուգահեռ, մեզ պիտի յաջողի տրամաբանւած եւ արդիւնաւէտ ձեռնարկութիւնների ծրագրումը, որը լաւագոյն առիթը կարող է հանդիսանալ իրագործելու միասնական ներդրումներ, երկկողմ շահոյթի (win- win) ձեւաչափը հիմք ընդունելով:

     Խորհրդակցական նախնական հանդիպումը մտքերի փոխանակումով դրական աւարտ ունեցաւ եւ որոշւեց միւս հանդիպման՝ հրաւիրել աւելի մեծ թւով գործարար բանիմացների, առաւելագոյն արդիւնքների ակնկալիքով:

           

 

 

 Չորեքշաբթի 2015 թ. 29 ապրիլին, «Արարատ» մարզաւանում, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամներ, ընկերներ՝ Գէորգ Վարդանը, Ալէքս Կարապետեանը և Ռաֆիկ Բաղումեանը հանդիպեցին փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող պետական մի շարք պատասխանատուների հետ և կրօնական փոքրամասնութիւնների ու ի մասնաւորի հայկական համայնքին հետաքրքրող խնդիրների շուրջ խորհրդակցութիւններ տեղի ունեցան:

  Շաբաթ, 2015 թ.-ի մայիսի 2-ին «Արարատ» մարզաւանում, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները հիւրընկալեցին ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանին ու իր ազնւափայլ տիկնոջը:

   Երեկ ուրբաթ մայիսի 29-ին երեկոյեան ժամը 6-ից մարզաւանի ընթրիքների շրջափակում աւելի քան 1000 հայրենակիցների մասնակցութեամբ տօնւեց Հայաստանի առաջին հանրապետութեան անկախութեան տօնը: Միջավայրը տօնական էր զարդարւել, ամէն տեղ եռագոյնի՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնն էր աչքի ընկնում: