Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

  

Երեքշաբթի 2015 թ.-ի յունւարի 13-ի երեկոյեան ժամը 8-ին տեղի ունեցաւ հիմնադիր անդամ, առաջին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 14-րդ նստաշրջանների Կենտրոնական վարչութեան անդամ հանգուցեալ՝ ընկ. Նորայր Պահլաւունու անւամբ՝ «Արխիւային» գրասենեակի բացումը: Հանգուցեալ ընկ. Նորայր Պահլաւունու ընտանիքը ի յիշատակ իր ամուսնու և սիրասուն հօր իր նիւթական ներդրումն է ունեցել այս սրահի կառուցման գործում:

 

   Երէկ երեքշաբթի 2015 թ. յունւարի 13-ի ժամը 6-ին դռնբաց բացումը կատարւեց 26-րդ Պատգամաւորական ժողովի: Ժամանակաւոր դիւանի ընտրութիւնից յետոյ ընտրւեց մնայուն դիւանը, այնուհետև ժողովականները շտապեցին դէպի Ցուցասրահի և Արխիւային սրահի բացման հանդիսութեան վայրը, այդ բարեբաստիկ արարողութիւնը կատարւելուց յետոյ ժողովականները անցան «Վաչիկ Ղարաբէգեան» սրահ որտեղ տեղադրւած էր միութիւնների աշխատանքները ներկայացնող պատկերներից ցուցատախտակներ:

 

   Երէկ 2015թ.-ի յունւարի 13-ի երեկոյեան ժամը 8-ին բացումը կատարւեց հանգուցեալ ընկ. Խաժակ Արզումանեանի անւամբ Ցուցասրահի: Ընկ. Խաժակ Արզումանեանը ընդհանրապէս Հ.Մ.Ա.Կ.-ի կեանքում և մասնաւորապէս Մարզաւանում ունեցել է մեծ ներդրում: Նա եղել է Կենտրոնական վարչութեան մի քանի նստաշրջանների անդամ: 

 

2015 թ. յունւարի 7-ին

Ամանորեայ տօների առիթով Մարզաւան են այցելել քաղաքապետարանի երրորդ մասի առաջին բաժնի ներկայացուցիչներ՝ պարոնայք Գոլեստանին՝ վերոյիշեալ բաժնի քաղաքապետը, Շէյխ Հէյդարին՝ նոյնի օգնականը, Միր Սարաֆը՝ Արարատ քաղաքամասի պետը և նրանց ուղեկցող մի շարք պաշտօնեաներ:

Հ.Մ.Ա.Կ.

Հ.Մ.«Արարատ» կազմակերպութեան մեծ ընտանիքը

անհուն վշտով գուժում է ժամանակի

«Սևան» երգչախմբի վաստակաւոր խմբավար՝

Գուրգէն Մովսիսիանի

ցաւալի մահը

 

 

Համառօտ կենսագրութիւն գծեր

   Գուրգէն Մովսիսեանը ծնւել է 1943 թւին Իրանի Համադան քաղաքում, նահապետական մի ընտանիքում:

   Տարիներ անց ընտանեօք փոխադրւում է Թեհրան: Նասկզբում աշակերտել է իր մօրեղբօր՝ Մարտիկ Աւետիսեանին, ապա երաժշտագէտ երգահան Լուդւիկ Բազիլին, որից ստացած գիտելիքները ուղեցոյց են լինում իր ապագայ գործունէութեան ասպարէզում:

   Նա երիտասարդ տարիքից ծառայել է հայոց դպրոցներում որպէս երգի ու երաժշտական ուսուցիչ: Իր իսկ բնորոշմամբ այդ աշխատանքը՝ «Սրբութիւն է ու հաւատք, աղօթք է ու նւիրում նաև անսակարգ սէր է ու հաւատարմութիւն»:

   Գուրգէնը երգել է «Արարատ» երգչախմբում Վազգէն Փիրջանեանի խմբավարութեան օրօք: Նա հրաւիրւել է աշխատանքի ժամանակի «Ռուդաքի» օպերայի բաժնում, նախ որպէս երգիչ ապա խմբավարի օգնական, ինքը նաև երգել է նոյն վայրում մի շարք օպերաներում:

   1973 թ.-ին մեկնել է Վիեննա և հետևել է տեղի երաժշտանոցի դասընթացներին, կատարելագործելով խմբավարութեան և երաժշտութեան իր բնատուր ընդունակութիւնները: Վիեննաի հայկական մշակութային կենտրոնում վերակազմել է տեղի երգչախումբը և փայլուն ելոյթներ ունեցել: Վերադառնալով Թեհրան, աշխուժացրել է պետական երգչախումբը, միաժամանակ հրաւէր է ստացել «Արարատ»-ի կենտրոնական վարչութիւնից կազմելու և խմբավարելու «Սևան» երգչախումբը:

   1982թ.-ին 13 տարիներ շարունակ Գուրգէնը զբաղեցրել է «Սևան» քառաձայն երգչախմբի ղեկավարութիւնը: Իր դաստիարակած սերունդները ցայսօր շարունակում են նրա սերմանած գործը: Տարեկան հերթական ելոյթներում հնչեցրել է հայ և օտար հանճարների ստեղծագործութիւնները, մեծ բաւարարութիւն տալով, երաժշտասէր հանդիսատեսին:

   Նոյն ժամանակաշրջանում նա շարունակ հրաւէրներ էր ստանում Եւրոպայից և ծայրագոյն արևելքից: 1993 թ.-ին Հայաստանի մշակութային նախարարի հրաւէրով մասնակցել է «Աշտարակ» երգչախմբային փառատօնին ներկայացնելով փայլուն ելոյթ:         

   Թեհրանում իր ներդրումն է ունեցել տարբեր երգչախմբերի կազմութեան և ղեկավարման գործում: Օգնել է նաև Սպահան և Շիրազ քաղաքների երգչախմբերին:

   «Ոտքի դատարան է գալիս» և «Մամփրէ Արքան» թատերգութիւնների երաժշտութիւնները Գուրգէն Մովսիսեանի գործն է:

   Իրանի ժամանակի Մշակոյթի և արւեստի նախարարութիւնը նրան և մի քանի այլ երաժիշտներին պարգևատրել է ըստ արժանւոյն, նա վաստակել է երկրի ժամանակի լաւագոյն խմբավարի կոչումը ստանալով շքանշան և գնահատագիր:  

             

 

Ուրբաթ թւականիս հոկտ. 24-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Համլետ Խալոյեանը ներկայացաւ Իրանի հեռուստաընկերութեան առաջին ալիքում: Ընկ. Համլետ Խալոյեանը ամփոփ ներկայացրաւ Կազմակերպութեան պատմութիւնը, կառոյցը, աշխատանքները: Ծրագրի հաղորդավարը շնորհաւորեց Կազմակերպութեան 70-ամեակը: Ցուցադրւեց Մարզաւանից տեսաֆիլմեր:

    

       Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 70-ամեակի Կենտրոնական ձեռնարկի առիթով հրաւիրած Հ.Մ.Ը.Մ.-ի ատենապետ՝ Գառնիկ Մկրտչեանը և Համզագային Հայ Կրթական և Մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ՝ Սպարտակ Ղարաբաղցեանը, Թւականիս Ուրբաթ հոկտ. 24-ին մասնակցեցին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նիստին, որտեղ արծարծւեց մի շարք առաջարկներ և մտայաղացումներ: Նիստին ներկայ էր նաև 70-ամեակի յանձնախմբի նախագահ՝ ընկ. Հրաչ Զարիֆեանը և Երէցների միութեան վարչութեան անդամ Արմինէ Գրիգորեանը: Հիւրերը նաև հանդիպումներ ունեցան Մարզական և Արւեստից միութիւնների վարչութիւնների և Սկաուտական Միութեան գերագոյն կազմի հետ, ուր պատկան բնագաւառներում եղան առաջարկներ ու մտքերի փոխանակում:

 

Հ.Մ.«Արարատ»Կ.