Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Իրանի 53֊րդ Համահայկական խաղերի ընթացքին, երէկ սեպտեմբերի 13֊ի երեկոյեան, Արարատ-Մահրամ ընկերական բասկետբոլի մրցումից յետոյ  աշխատանքային թէժ պահին նոյն   գիշերւայ պահի, հերթապահ օժանդակներին ու լուսանկարիչներին, Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանի և Մարզական միութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանի ընկերակցութեամբ, Հանրութեան հետ կապի գրասենեակ այցելեց՝
ԻԻ  Խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, ով ողջունելով ընկերներին գնահատեց և ոյժ ու աւիւն մաղթեց աշխատանքը բարեյաջող աւարտին հասցնելու համար։

 Կիրակի սեպտեմբերի 11-ին Արարատ մարզաւանի Սրբ. Խաչ մատուռում մատուցւեց սուրբ և անմահ պատարագ և աւարտին՝ աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան։
ՀՄԱԿ֊ի Երէցների միութեան Սուրբ Խաչ մատուռի յանձնախումբը ամէն տարւայ պէս՝ կատարեց  իր բաժին նախապատրաստական աշխատանքը  և նոյն օրւայ յանձնառութիւնը։

Սեպտեմբերի 10-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալել է Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղի ներկայացուցիչ ընկերներին, այդ թւում՝ Վահիկ Բաղդասարեան, Միրօ Աբրահամեան, Ցողիկ Մուրադեան եւ Արմէն Հաղիին, որոնք այս օրերին մարզական պատւիրակութիւնների հետ ժամանել են Թեհրան՝ մասնակցելու Իրանի 53-րդ համահայկական խաղերին:

Հանդիպման սկզին Կենտրոնական վարչութեան նախագահն ողջունել է մասնաճիւղերի ներկայացուցիչ ընկերներին, ապա անդրադարձել է մասնաճիւղերի կարեւորութեանն ու դերակատարութեանը Կազմակերպութեան համար:

Ընկ. Հենրիկ Խալոյեանն, մասնաւորապէս, նշել է, որ համահայկական խաղերի նպատակներից միասնականութեան եւ համախմբւածութեան հոգու ամրապնդումն է:

Կազմակերպութեան  նախագահը վստահեցրել է, որ Կենտրոնական վարչութիւնը ձգտում է կազմակերպութեան եւ համայնքների  սպորտային եւ հասարակական կեանքի էլ աւելի աշխուժացմանն ուղղւած ծրագրերի զարգացմանը:

Մասնաճիւղերի ընկերները նոյնպէս շնորհակալութիւն են յայտնել խաղերի կազմակերպման համար, այնուհետեւ ներկայացրել են իրենց տեսակէտները ծրագրերի կատարելագործման ուղղութեամբ:

Նշենք, որ Թաւրիզի մասնաճիւղը խաղերին մասնակցում է թւով 24 եւ Ուրմիայի մասնաճիւղը 18 մարզիկ-մարզուհիներով:

Օգոստոսի 28-ին անցկացւել է Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ընտրութիւնները, որին մասնակցել է  Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը:
Կազմակերպութիւնն Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ընտրութիւններին մասնակցել է լիարժէք ձայնի իրաւունքով եւ որպէս Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի երկու բացառիկ ակումբներից մէկը:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան փոխնախագահը զրոյցներ է ունեցել Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի, մասնաւորապէս՝ տարբեր ֆեդերացիաների անդամների հետ, որոնք շեշտադրել են Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան եւ տարբեր ֆեդերացիաների միջեւ գործակցութիւնների կատարման եւ կապերի խորացման քայլերն եւ հետագայ յարաբերութիւնների խորացման ծրագրերի կատարումը: Տեղի է ունեցել գործադիր կոմիտէի ղեկավար կազմի ընտրութիւնը:
Քւէարկութեան արդիւնքում, որպէս Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ղեկավար կազմ ընտրւել են թւով 11 անդամներ:

Օրեր առաջ, Երեւանում տեղի է ունեցել հին եւ նոր արարատականների հաւաք հանդիպում, որին մասնակցել են կազմակերպութեան այն անդամներն, որոնք այդ օրերին գտնւել են Հայաստանի հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում:
Հաւաքի կազմակերպման մտայղացումը իրականացել է Կազմակերպութեան մաս կազմող անդամների առաջարկով: Միայն 24-ժամերի ընթացքում հին ու նոր Արարատականներ յաջողել են տեղեկատւութիւն տարածել իրենց մերձաւոր արարատականներին եւ ինքնակազմակերպւել: Փորձելով՝ հաւաքի նախաձեռնութեան մասին լուրը փոխանցել բոլորին, որոնք այդ օրերին գտնւել են մայրաքաղաք Երեւանում:
Եւ, այսպիսով, հայրենիքը կրկին միաւորել է Արարատականներին: Աշխարհի տարբեր ծայրամասերից Երեւան ժամանած քաղաքացիներ, թւով՝ շուրջ 100 անդամներ համախմբւել ու հանդիպել են միմեանց:
Մասնակիցների թւում եղել են՝ ԱՄՆ-ից, Կանադայից եւ Իրանից ժամանած, ինչպէս նաեւ՝ Հայաստանի հանրապետութիւնում բնակւող՝ հայրենադարձ քաղաքացիներ: Հանդիպման ընթացքում մեր ընկերները թարմացրել են այն անկրկնելի յիշողութիւններն, որոնք վերաբերւել են մեզ բոլորիս անքակտելի կապող՝ «Արարատ»-ին:
Այս առիթը, հայրենիքում վերամիաւորումն ու մեր ընկերների միջոցով, կազմակերպութեան մասին պատմող իւրաքանչիւր յիշողութիւն եւս մէկ վկայութիւն է, որ «Արարատ»-ը շարունակում է ընթանալ իր առաքելութեան ուղղութեամբ:

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութիւն են այցելել Թեհրան քաղաքի քաղխորհրդի խօսնակ Ալիռեզա Նադալին, Թեհրան քաղաքի 3-րդ շրջանի քաղաքապետ Համիդ Ջաւանին, քաղաքապետարանի 3-րդ շրջանի առաջին մասի ղեկավարը եւ ուղեկցող պատւիրակութիւնները:
Հանդիպման ներկայ են եղել նաեւ Թեհրանի քաղխորհուրդներին աջակցող մարմնի իրանահայ անդամներ՝ Դարւին Աւագեանը, Արէն Պօղոսեանը, Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ միութիւնների ներկայացուցիչները:
Այցելութեան ընթացքում պետական պաշտօնեաները շրջել են Կազմակերպութեան տարբեր մասերով, այդ թւում՝ Ս. Խաչ մատուռ եւ լողաւազանների շրջափակ: Մասնաւորապէս՝ ծանօթացել են Սասունցի Դաւիթ սրահի վերանորոգման ծրագրերին:
Կազմակերպութեան փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը համապարփակ ներկայացրել է «Արարատ» կամակերպութեան աշխատանքների մասին, յատկապէս՝ երկրի մարզական ոլորտում «Արարատ»-ի ունեցած ներդրման եւ աւանդի մանրամասնութիւնները: Այնուհետեւ, կողմերը քննարկել են կազմակերպութեան տարբեր մասերի վերանորոգման ծրագրերի անհրաժեշտութիւնը:
Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ՝ Մարզաւանի վարիչ մարմնի ներկայացուցիչներն, որոնք եւս քննարկել են կազակերպութեան հնարաւորութիւնների ընդլայնման քայլերն, այդ թւում՝ կանաչ տարածքների զարգացման եւ ջրի խնայողութեան ապահովման հարցերն ու նախատեսւող աշխատանքները:
Հանդիպումն ընթացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում:
Հանդիպման աւարտին կողմերը փոխանակել են յուշանւէրներ, որի ընթացքում Կազմակերպութեան փոխնախագահ ընկ Արա Գալստեանը շնորհակալութիւն է յայտնել պաշտօնեաների այցելութեան համար:
Հանդիպման աւարտին պետական պաշտօնեաները եւս շնորհակալութիւն են յայտնել հիւրընկալութեան համար, եւ պատրաստակամութիւն են յայտնել նպաստելու Կազմակերպութեան հնարաւորութիւնների լրացմանը:

Ուրբաթ՝ յուլիսի 29-ին, Արարատ մարզաւանում տեղի ունեցած «Շեմիրանաթ»-ի միջշրջանային բռնցքամարտի մարզախաղերի ընթացքին, Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը եւ փոխնախագահ Արա Գալստեանը հանդիպել են «Շեմիրանաթ» քաղաքի սպորտի եւ երիտասարդութեան դեպարտմենտի նախագահ Օմիդ Ղոմիի եւ «Շեմիրանաթ» քաղաքի բասկետբոլի վարչութեան նախագահ Ալիռեզա Հոսէյն Թեհրանիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկւել են ընդհանուր համագործակցութիւնների հնարաւորութիւնները եւ կապերի ընդլայնման ուղիները, այնուհետեւ, ներկայ են գտնւել բռնցքամարտի մրցաշարին եւ մասնակցել են բռնցքամարտիկների մեդալաբախշման ծրագրին:

Յուլիսի 26-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Կենտրոնական վարչութեան նախկին անդամ եւ Սկաուտական միութեան ղեկավար կազմի նախկին անդամ ընկ. Բաղդիկ Տէր Գրիգորեանին, ով ժամանել էր Հայաստանից, որից առաջ լեռնագնացական ծրագրերով եղել է եւրոպայում:

Հանդիպման ընթացքում Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց ընկերոջ ներկայութիւնը Հ.Մ. «Արարատ» Կ. եւ անդրադարձաւ կազմակերպութեան վերջին շրջանի աշխատանքներին:

Մասնաւորապէս, անդրադարձ կատարւեց տեղեկատւական տեխնոլոգիաներին եւ նորարար միջոցների կիրառմանը՝ Կազմակերպութեան պատմութեան եւ արխիւների արձանագրման ուղղութեամբ, ինչպէս նաեւ՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանի Հանրապետութիւնում բնակւող արարատականների համախմբման եւ ցանցերի վերակազմակերպման ծրագրերին:

Ընկ. Բաղդիկ Տէր Գրիգորեանն էլ իր հերթին բարձր գնահատեց կազմակերպութեան գործունէութիւնը, կարեւորեց կազմակերպութեան զարգացման համար երկարատեւ պլանների մշակման անհրաժեշտութիւնը:

Նա յաջողութիւն մաղթեց հետագայ աշխատանքներին եւ պատրաստակամութիւն յայտնեց նպաստելու աշխատանքների առաջընթացին: