Կենտրոնական Վարչութիւն
Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցաւ «Նոր միտք» նախագծի խօսոյթ-քննարկումն, որի բանախօսներն էին «Սիփանի թատրոնի տան» կազմը:
Հանդիպման սկզբին «Նոր Միտք» նախագծի անդամ ընկ. Արա Ջահանեանը բարիգալստեան խօսքեր յայտնեց հիւրերին, ապա անդրադարձաւ նախագծի նպատակներին, նշելով, որ Նոր միտք խումբը նպատակ ունի խօսոյթ-քննարկման մթնոլորտ ստեղծել սոցիալական տարբեր շերտերի միջեւ, այնուհետեւ ներկայացրեց օրւայ բանախօսներին:
Արա Ջահանեանը, մասնաւորապէս իր խօսքերի ընթացքին բարձր գնահատեց «Սիփանի թատրոնի տան» վերջին՝ «Ապակէ գազանանոց» ներկայացման բեմականացման գաղափարը, որն ամերիկացի դրամատուրգ Թենեսի Վիլիամզի ստեղծագործութիւնն է, մասնաւորապէս՝ ռեժիսոր Բիայնա Մահմուդիի միջոցով այն իւրովի մատուցումը եւ դերակատարների դրսեւորած բարձր հմտութիւնը:
Հանդիպման ընթացքին թատրոնի ռեժիսոր Բիայնա Մահմուդին, դերասաններ Էրւին Գալստեան, Անի Զաքարեան, Սարբէ Օհանեան, պարուսոյց Մելան Սեֆեանը, ինչպէս նաեւ տեքստերի հեղինակ Շարիս Մելքոմ Աբգարը անդրադարձան պիեսի բեմականացման գործընթացին, կարեւորեցին խմբային աշխատանքը, կազմի անդամների միջեւ համագործակցային մթնոլորտը, բարձրորակ արւեստի ապահովման ուղղութեամբ բազմակողմանի ջանքերն ու այլ թեմաների:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ Հ.Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի անդամներն, որոնք եւս անդրադարձան ներկայացմանը եւ որակեալ թատրոն ունկնդրելու մշակոյթի տարածման քայլերին:
Դեկտեմբերի 12-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին, որին ուղեկցում էր «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը:
Հանդիպման սկզբին Կենտրոնական վարչութիւնը Յակոբ Տէր Խաչատուրեանին է ներկայացրել կազմակերպութեան հնարաւորութիւնները եւ աշխատանքները, այնուհետեւ համատեղ հանդիպում են ունեցել:
Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ Հենրիկ Խալոյեանը մարզաւանի տարբեր բաժիններ շրջայցին համապարփակ զեկոյց է ներկայացրել կազմակերպութեան պատմութեան եւ գործունէութեան վերաբերեալ: Ընկ. Հենրիկ Խալոյեանն անդրադարձել է կազմակերպութեան 4 մասնաճիւղերի աշխատանքներին, այդ թւում՝ Շիրազի, Ուրմիայի, Գեարդաբադի եւ Թաւրիզի մասնաճիւղերի ընկերների գործունէութեանը, արտաքին յարաբերութիւնների օրակարգին առնչւող թեմաներին, ՀՄԸՄ-ի, ՀԱՍԿ-ի եւ համազգայինի հետ կապերի խորացման ծրագրերին, եւ համահայկական նշանակութիւն ունեցող յարաբերութիւնների ընդլայնման փորձերին:
Տէր-Խաչատուրեանն իր խօսքերում նշել է, որ կարեւորում է ՀՅԴ-ի աշխատանքներն եւ նախաձեռնութիւններին ՀՄԱԿ-ի մասնակցութիւնը, մասնաւորապէս՝ համաՀՄԸՄ-ական եւ համազգայինական աշխատանքներին: Շեշտելով, որ ՀՅԴ ուղեկից կազմակերպութիւններին խրախուսում է կապեր ունենալ ՀՕՄ-ի հետ, եւ, որպէսզի մեր Իրանի համայնքն իրեն առանձնացած չզգայ համահայկական մեր ընտանիքներին մաս կազմելու առումով:
Նա իր խօսքերի մէկ այլ հատւածում կարեւորել է կամաւորական աշխատանքների անհրաժեշտութիւնը եւ կամաւորականութեան մշակոյթը տարածելու հարկադրանքը եւ պատրաստակամութիւն յայտնել նպաստել «Արարատ»-ի զարգացմանն եւ գործակցութիւնների խորացմանը:
Ընկ. Խալոյեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի այցի վերաբերալ, նշելով, որ անշուշտ առկայ է համագործակցութեան մեծ ներուժ, այդ թւում՝ իրանահայութեան խնդիրների լուծման, զարգացման, վերափոխման, երիտասարդութեան ներգրաււածութեան ապահովման օրակարգերի առնչութեամբ:
Նիստին Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահը եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը մտքեր են փոխանակել արտագաղթի եւ հոսքերի հնարաւոր աճի եւ հետեւանքների առնչութեամբ:
Հանդիպման աւարտին Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անունից Յակոբ Տէր-Խաչատուրեանին են նւիրել Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի գիրքը:
Դեկտեմբերի 5-ին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւն է այցելել Թեհրանի քաղաքապետարանի 3-րդ շրջանի 1-ին մասի նորանշանակ քաղաքապետ ճրտգ. Մէհդի Մոսայեբիի գլխաւորած պատւիրակութիւնը:
Քաղաքապետին ընդունել են Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանը, փոխնախագահ՝ Արա Գալստեանը, Կենտրոնական վարչութեան անդամ՝ ընկ. Արմանդ Դրորրը և
Մարզաւանի վարիչ մարմնի ընկերները։
Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Թեհրանի քաղխորհուրդներին աջակցող մարմնի իրանահայ անդամներից՝ Արէն Պօղոսեանը:
Հանդիպման ընթացքում ներկաները շրջել են Հ.Մ. «Արարատ» մարզաւանի տարածքում, քաղաքապետին ներկայացւել է վերանորոգման անհրաժեշտութեան վայրերը:
Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան նախագահը ողջունելով հիւրերին, կարեւորել է այն աշխատանքները, որոնք կատարում են քաղաքապետարանի կողմից: Ընկ. Հենրիկ Խալոյեանը ընդգծել է, որ Հ.Մ. «Արարատ» Կ.-ը մեծապէս կարեւորում է յարաբերութիւնների խորացումը քաղաքապետարանի հետ, մասնաւորապէս, շեշտելով Կազմակերպութեան եւ քաղաքապետարանի միջեւ համագործակցութիւնների ծաւալման անհրաժեշտութիւնը՝ Մարզաւանի պահպանման, վերանորոգման, հնարաւորութիւնների ընդլայնման եւ ինժիներական աշխատանքների կատարման ուղղութեամբ:
Ճրտգ. Մոսայեբին շնորհակալութիւն յայտնելով, ընդունելութեան համար նշել է, որ կարեւորում է քաղաքապետարանին յարակից միջավայրերի պահպանումը, այդ թւում՝ Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան եւ պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու մարզաւանի հնարաւորութիւնների զարգացմանն ու ընդլայնմանը:
հոկտեմբերի 22-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի «Մաջնունեան» սրահում տեղի ունեցաւ Կազմակերպութեան «Նոր Միտք» նախաձեռնութեան հաւաք-հանդիպումն, որի օրւայ բանախօսն էր գրող, թարգմանիչ Նորվան Միքայէլեանը:
Նախագծի սկզբում «Նոր մտքի» անունից դոկտ. Շանթ Բաղրամեանը ներկայացրեց օրւայ բանախօսի կենսագրական տւեալները:
Հանդիպմանը Նորվան Միքաէլեանը համապարփակ անդրադարձաւ հայոց լեզւի անաղարտութեան պահպանման անհրաժեշտութեանը: Հայոց լեզւին վերաբերող ելոյթներով հանդէս եկան ծրագրի մասնակիցները:
Միջոցառման ընթացքում օրւայ բանախօսը մասնաւորապէս, կարեւորեց խմբային մտածողութեան զարգացման՝ արւեստի, մշակոյթի, կրթական ոլորտների եւ հասարակութեան դերակատարութեան բարձրացման անհրաժեշտութիւնը՝ հայոց լեզւի իմացութեան մակարդակի բարձրացման ուղղութեամբ:
Նշենք, որ Նորվան Միքայէլեանը ծնւել է 1963 թւականին Իրանի Ղարադաղ գաւառում: Աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Շուրջ 25 տարի է ինչ դասաւանդում է Թեհրանի հայոց դպրոցներում, որպէս հայոց լեզւի եւ գրականութեան ուսուցիչ: Դասախօսել է Իսլ. Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնում, ինչպէս նաեւ՝ Թեհրանի հայրենագիտական երեկոյեան դասընթացներում:
Արժանացել է «Մովսէս Խորենացու» անւան շքանշանին: Մինչ այժմ հրատարակել է բանաստեղծութիւնների 3 գիրք եւ մէկ վիպակ՝ «Այստեղ ձիւները չեն հալչում» խորագրով: Թարգմանել եւ հրատարակութեան է յանձնել «Ահմադ Շամլու»-ի բանաստեղծութիւնների ընտրանին: Նորվանից տասնեակ յօդւածներ են լոյս տեսել հայկական մամուլում:
Սեպտեմբերի 24-ին, Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Կազմակերպութեան միութիւնների նախագահներին, այդ թւում՝ Երէցների միութեան նախագահ ընկ. Հենրիկ Բաբաահարոնին, Սկաուտական միութեան սկաուտապետ ընկ. Արգին Պօղոսեանին եւ Արւեստից միութեան փոխնախագահ ընկ. Գրեթա Հախբանդարեանին:
Հանդիպման սկզբին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց Կազմակերպութեան միութիւնների նախագահներին, այնուհետեւ անդրադարձաւ աշխատանքներին եւ ապագայ ծրագրերին:
Հանդիպման օրակարգում ընդգրկւած էր պատգամաւորական ժողովի հարցը, որի անցկացման թւականի վերաբերեալ Կազմակերպութեան միութիւնների նախագահները եւ Կենտրոնական վարչութեան անդամները յայտնեցին իրենց տեսակէտները:
Կազմակերպութեան նախագահն իր խօսքերում նաեւ միութիւնների ուշադրութեանը յանձնեց աշխատանքների ծրագրման նրբութիւններն ու նկատառումները տարբեր իրավիճակների համար:
Միութիւնների նախագահներն էլ իրենց հերթին անդրադարձան նախկին եւ ապագայ ծրագրերին: