1999 թւականի օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցւեց Երեւանի «Հրազդան» մարզադաշտ, որտեղ Օլիմպիական խաղերի ախոյեան, օղակների արքայ Ալբերտ Ազարեանը բոցավառեց խաղերի ջահը: Այսպէս, Համահայկական առաջին խաղերի սկիզբը դրւեց:
Մտայղացումը ծնւել էր աւելի վաղ՝ դեռ Խորհրդային Միութեան վերջին տարիներին, երբ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ կապն ընդլայնւել էր:
1990 թ. հոկտեմբերին Երեւանում սփիւռքահայութեան հետ Մշակութային կապի կոմիտէում կայացած խորհրդակցութիւնը որոշեց 1992 թ. յուլիսի 15-30 Երեւանում անցկացնել Համահայկական Նաւասարդեան մարզական առաջին խաղերը չորս մարզաձեւերից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, պինգ-պոնգ, ճատրակ:
Մէկ ամիս անց Հայաստանի կառավարութիւնը, փոխվարչապետ Կտրիճ Սարդարեանի ստորագրութեամբ, իր համաձայնութիւնը տւեց, սակայն այդ խաղերը այդպէս էլ տեղի չունեցան, քանի որ Հայաստանն ու Արցախը ներքաշւեցին արիւնալի պատերազմի մէջ:
Արցախեան զինադադարից յետոյ Համահայկական խաղեր անցկացնելու մտայղացումը կրկին բերւեց օրակարգ:
1994-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնում ստեղծւեց նախաձեռնող խումբ, իսկ 1997-ի ապրիլին տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպութիւնների համաժողովում համաձայնութիւն ձեռք բերւեց ստեղծել Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէ, որի նախագահ ընտրւեց արտաքին գործերի նախարարութեան դիւանագէտներից Աշոտ Մելիք-Շահնազարեանը:
Հայաստանի կառավարութիւնը վարչապետ Վազգէն Սարգսեանի ստորագրութեամբ որոշում կայացրեց 1999 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երեւանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը:
Դրանց անցկացմանն աջակցելու նպատակով 1999 թ. Միջազգային Օլիմպիական կոմիտէն «Մարմնամարզը բոլորի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտէին յատկացրեց ֆինանսական օժանդակութիւն, իսկ ՄՕԿ-ի նախագահ Խուան Անթոնիօ Սամարանչը ողջոյնի հեռագիր յղեց Հայաստանի նախագահին:
Համահայկական առաջին խաղերը տեղի ունեցան 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը, Երեւան քաղաքում: Մասնակցում էին 23 երկրների 63 քաղաքների աւելի քան 1100 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի աշխարհագրութիւնը եւ մարզաձեւերի քանակը տարէցտարի ընդլայնւեցին: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցում են աւելի քան 6000 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում են 17 մարզաձեւերում:
Առաջին երեք խաղերը անց են կացւել երկու տարին մէկ, չորրորդ խաղերից դրանք անց են կացւում չորս տարին մէկ: 2014-ի փետրւարի 24-ից մարտի 2-ը առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական ձմեռային խաղեր Երեւան եւ Ծաղկաձոր քաղաքներում, որին մասնակցում էին 11 երկրների 22 քաղաքների շուրջ 400 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում էին ձմեռային 4 մարզաձեւերում:
Համահայկական վեցերորդ խաղերը, որոնք կրում են «Միասնութիւն մարմնամարզով» կարգախօսը, սկսւել են օգոստոսի 2-ին եւ կը շարունակւեն մինչեւ 13-ը: Խաղերի պատմութեան մէջ առաջին անգամ Երեւանից բացի մրցումներն անց են կացւում՝ Ստեփանակերտում, Գիւմրիում, Վանաձորում, Աբովեանում, Արտաշատում: Սա, անկասկած, ուշացած, բայց արդար որոշում էր:
Վեցերորդ խաղերին առաջին անգամ մասնակցելու են Տիգրանակերտ եւ Դերսիմ քաղաքների հայկական խմբերը՝ «ծպտեալ հայերը»: Նախորդ խաղերին մասնակցել են Պոլիս եւ Սասուն քաղաքների խմբերը:
Ի դէպ, աշխարհի եւ Հայաստանի բազմաթիւ քաղաքների շարքում Համահայկական վեցերորդ խաղերի ջահը վառւել է նաեւ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում:
Համահայկական խաղերը, անկասկած, յաջողւած նախագիծ է առաջին հերթին Հայաստան-Սփիւռք համագործակցութեան տեսանկիւնից: Սակայն ժամանակն է, որ Համահայկական խաղերը վերածւեն նաեւ իրական մարզական միջոցառման՝ մասնակցութեամբ նաեւ բարձրակարգ հայ մարզիկների աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից ու Արցախից:
Հասկանալի է, որ խմբական մարզաձեւերում դժւար է ապահովել արհեստավարժութիւն, քանի որ Հայաստանից դուրս արհեստավարժ խմբեր դիւրին չէ գտնել: Սակայն անհատական մրցաձեւերում հնարաւոր է ապահովել արհեստավարժութիւն, հաշւի առնելով, որ աշխարհի տարբեր երկրներում կան ծագումով բազմաթիւ բարձրակարգ եւ աշխարհահռչակ մարզիկներ:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ