Հրատարակութիւն

PDF

"Իրանի հայկական եկեղեցիները"

Rate this item
(0 votes)

Սոյն թւականի, ուրբաթ յունւարի 27-ի երեկոյեան, Հ.Մ.Արարատ Կ.-ի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում կայացաւ՝ ճրտպ. ընկեր Շէրլի Աւետեանի հեղինակած

"Իրանի հայկական եկեղեցիները"

գրքի ներկայացումն ու ՆՍՕՏՏ Արամ Ա կաթողիկոսի կողմից

"Ս Մեսրոպ Մաշտոց" շքանշանի շնորհումը։

 

Բարի Գալստեան խօսքով բացւած համարւեց միջոցառումը։

Ներկայ էին ԹՀԹ բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ Սեպուհ արք Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նորայր Արամեանը, ԻԻ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը, ԻԻ հանրապետութիւնում  ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան պրն. Արսէն Աւագեանը և դիւանագիտական անձնակազմը,

ազգային իշխանութեան, մարմինների և միութիւնների ներկայացուցիչները, հեղինակի գործընկերները և հիւրերը։

 

Նախ ընթերցւեց Շէրլի Աւետեանի ամփոփ կենսագրականը, որից յետոյ հրաւիրւեց Արարատ կազմակերպութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը, ով ողջունելով բարեբաստիկ առիթը շնորհաւորեց հեղինակի կարևոր աշխատութեան  և շքանշանի արժանանալու կապակցութեամբ։

նա իր խօսքում ասեց -

Մեզ համար պատիւ է, որ մեր միութենական ընկերը նման բեղմնաւոր գործունէութիւն է ծաւալել, որի շաղախները ազգային ու համազգային կեանքին  զուգահեռ ընդլայնւում  են  Իրանի, Հայաստանի և Արցախի տարածքներում։

2022 թւականը հռչակւեց՝ Սփիւռքի տարի և Շէրլին այս խորագրում, օրինակելի տիպար է հանդիսանում, քանի որ իր մասնագիտութեամբ ծառայում է թէ՜ իր ծննդավայրին և թէ՜ հայրենիքին ի նպաստ՝ պահպանելու ուրոյն մշակութային յուշակոթողներն ու սա համամարդկային բնոյթ ունի, քանզի աշխարհն է ծանօթանում հայ ժողովրդի արժէքաւոր մշակոյթի հետ։

Ոյժ ու կորով եմ մաղթում ընկերոջը և վստահեցնում, որ ապագայ ծրագրերի իրականացման ուղղութեամբ, Արարատն ու արարատականները պատրաստակամ են իր կողքին լինելու համար։

 

Ներկաները ունկնդրեցին

"Ազգ իմ փառապանծ"-ը

Քանոնահար Թրէյսի Նաւասարդեանի միջոցով:

 

Ամբիոնի մօտ հրաւիրւեց  ճրտպ. Շէրլի Աւետեանը, ով համապարփակ ներկայացրեց իր հեղինակած գրքի բովանդակութիւնն ու այդ ճամփով անցած ուղին։

Նա մեծ պատիւ համարեց հարազատ վայրում այս ներկայացումը և շնորհակալութիւն յայտնեց Կենտրոնական վարչութեանը, միջոցառման կազմակերպման համար։

նա ասաց թէ 2021թ.-ին  Էջմիածնում կատարւեց գրքի շնորհանդէսը իսկ սոյն թւականի նոյեմբերին՝  Ալիք հաստատութեան հրաւէրով, Հ.ՈՒս."Չհարմահալ" միութեան յարկի տակ և որ այս հետազօտութիւնը տևել է 11 տարի,

աւելացրեց-

Երկրի  պատկան կազմակերպութիւնը՝ ներկայի  նախարարութիւնը, ինձ յանձնարարեց զբաղւել Իրանի եկեղեցիներին առնչւող հարցերով և այդպիսով ընդարձակ մի ցանկ կազմւեց ու սկսւեց ուսումնասիրութիւնը՝ Իրանում  հայ բնակչութիւն ունեցող բոլոր վայրերի։

Այդ միջոցին ծանօթացայ  նոյն աշխատանքով զբաղւող երջանկայիշատակ յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանի հետ, ով ամբողջ ընթացքում իր խորհուրդներով և դրական լիցքերով սատար հանդիսացաւ և  օժանդակեց ու այդպիսով հիմքը դրւեց մեր համագործակցութեան։

պարզւեց, որ Իրանում կայ 250 հայկական գիւղ ու բնակավայր և 350 վանքեր ու եկեղեցիներ, որոնցից 123-ը կանգուն են ու  գրքում դրանց ամբողջական ցանկը կայ։

 Փորձում ենք պետական  բիւդջէներով և երեք թեմերի խորհուրդներով տարին մի քանի եկեղեցու, վերահասութիւն տալ, դրանց կողքին է ևս Իւնէսկոյում գրանցւածների առանձին յատկացումներով, վերահասութեան աշխատանքները։ Կարևորում եմ այն, որ մեր գործընկերների հետ այցելած՝ լքւած վայրերը, զգաստացնում են տեղի բնակչութեանը, որ գոյութիւն ունի հայն ու հետամուտ է իր պատմութեան պահպանման ուղղութեամբ։

 

Այսօր ներկայացւած թւով 80 նկարչութիւններով  յագեցած  մանկապատանեկան նկարչութեան ցուցահանդէսը, որի կազմակերպման մէջ օժանդակել է  տկն. Թիէդրա Զոհրաբեանը,  մէկն է այն աշխատանքներից, որ ներկայացւել է  չորս վայրերում՝ Սուրբ Թադէի վանքում, Թաւրիզում, Իսպահանում և այսօր այստեղ՝ թեհրանում, "Իրանի հայկական վանքերը երեխաների աչքերով" խորագրով։

 Առիթը պատեհ եմ համարում  շնորհակալութիւն յայտնելու իրաւարար կազմին համաճարակի թէժ օրերին համագործակցելու համար։

Նա շեշտեց թէ գրքի պատրաստմանը համագործակցել են՝ Շահէն և Ասպետ Յովսէփեանները, Սիւնէ Շահվալադեանը, Արտեմ Ղարիբեանը, Թևիկ Ծատուրեանը,

իր ասութեամբ իր  թև ու թիկունք՝ Ուրմիոյ ընկերներ՝ Ալէն Գրիգորին ու Կարէն Մկրտչեանը և անշուշտ այլ անձիք, որոնց մի առ մի շնորհակալ է։

 

Նա յուզումով յիշատակեց, որ գիրքը նւիրւած է ամենաթանկագիններին՝ իր երջանկայիշատակ ծնողներին, որոնց անսահման սիրոյ շնորհիւ ինքը սիրեց ծննդավայրը դրա բնութիւնն ու ճարտարապետութիւնը, ապա  մասնագիտացաւ ճարտարապետութեամբ,  ուսումն ամբողջացրեց Հայաստանում, հրապուրւեց հայկական ճարտարապետութեամբ և արդիւնքում՝  հրատարակւեց այս գիրքը։

Շարունակեց՝ Ծնողներիցս բացի  երախտապարտ եմ՝ մեծ հայրենասէր, լաւ ընկեր և ուսուցիչ հայրենիքին նւիրւած՝ երջանկայիշատակ ՍամուէլԿարապետեանին։

Շնորհակալ եմ երեք թեմերի առաջնորդներին միշտ ինձ ու մեր կազմին, օրհնանքով՝ արշաւների ու դաշտային աշխատանքների բարի ճամբելու համար, շնորհակալ եմ ևս ընտանիքիս ու ձեզ՝ սիրելի ներկաներ։

 

իսկ վերջում Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեանն եմ շնորհակալ ինձ համար այս գեղեցիկ միջացռումը կազմակերպելու համար։

 

Մեներգով ելոյթ ունեցաւ ընկեր Մեղեդի Նազարեանը

Հաւուն֊Հաւուն տաղ Յարութեան

Գրիգոր Նարեկացի 10 -րդ դար։

 

Ամբիոնի մօտ հրաւիրւեց ԻԻ հ.-ում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան պրն. Արսէն Աւագեանը։ Նա իր խօսքերում ասեց թէ -

Հայը համասփիւռ ազգ է և ազգի մի մասը ապրում է հայրենիքի սահմաններից դուրս, որի գործընթացը սկսել է ցեղասպանութիւնից առաջ։

հայը ամէն վայր բնակւելիս նախ կառուցել է եկեղեցի ապա դպրոց այնուհետև գերեզմանոց։

Գիրքը ընթերցելիս եզրակացւում է առաւել ևս հայերի այս ընդարձակ  տարածաշրջանի ներկայութեան փաստը, որը և  հայապահպանման երաշխիքն է դարձել։

Սոյն աշխատութիւնը բացառիկ կարևորութիւն ունի ոչ միայն տքնաջան աշխատանքի համար այլ թոյլ է տալիս խորաթափանց պատկերացնել հայերի տարածքում  ներկայութեան  փաստը։

Շնորհակալութիւն եմ յայտնում ամբողջ հայութեանը պատկանող այս կարևոր աշխատութեան համար, որը իր բացառիկ նշանակութեամբ ծանուցում է պատմամշակութային կոթողները։ Ցանկանում եմ շարունակել և ընդլայնել աշխատանքը։ Մաղթում եմ նորանոր յաջողութիւններ։

 

Օրւայ հաղորդավար Վանէ Մակարեանը ընթերցեց Ստրպատականի և Սպահանի թեմերի առաջնորդներ՝ Տ Գրիգոր արք Չիֆթճեանի և Տ Սիփան եպս. Քեչէճեանի ուղերձները։

 

Ապա ներկաները ոտնկայս ունկնդրեցին Տ Սահակ քահանայ Խոսրովեանի միջոցով   Վեհափառ հայրապետի Կոնդակի ընթերցումը որից յետոյ Սրբազան հօր ձեռամբ "Ս Մեսրոպ Մաշտոց" շքանշանը շնորհւեց Շէրլի Աւետեանին։

 

Եզրափակիչ խօսքում  սրբազան հայրը  յայտնեց՝

Իւրայատուկ պահ ապրեցինք այսօր, գնահատեցինք երիտասարտ մտաւորականուհու, որ իր եռանդով նւիրւած է մեր մշակութային արժէքների պահպանման և վերակենդանացման գործին։

Այս գիրքը ինքնին վկայութիւն է հայի պատմական  անցեալի և երկրի մշակութային կեանքում  ներդրումների։

Նշելի է, որ իսլ յեղափոխութիւնից յետոյ իշխանութիւնը յատուկ ուշադրութեամբ է կարևորում մեր արժէքների պահպանման և լաւագոյնս դրսևորելու հարցում։

Պէտք է կարևորեմ նաև, այն ինչ, որ հայերը թողել են՝ իրենց հաւատքի ու յանձնառութեան կանչն է այս երկրին՝ իրենց ծննդավայրին, գիտենք, որ տարածքները ժամանակին եղել են Հայաստանի սահմաններից ներս սակայն պատմութիւնը վկայում է, որ սահմանները փոփոխութեան են ենթարկւել։

Իրանը հոգատար է մեր եկեղեցիների ու կոթողների նկատմամբ։ Աւելացնեմ, որ

Հայը պիտի կառչի իր պահանջատիրութեան կանչին  ու ամենօրեայ տագնապ ապրելով պահպանի իրեն ժառանգ թողած մշակոյթն ու հողը։

Ես երախտապարտ եմ վեհափառին, որ ընդառաջեց շքանշանի տւչութեան առաջարկս։ Սա Մշակութային ծառայութիւն մատուցողներին տրւած բարձրագոյն շքանշանն է, որին արժանի է Շէրլի Աւետեանը։